Ամբողջը միասին կոչվում է նյութական տնտեսություն: Ես մի քիչ էլ շարունակեցի փնտրտուքս:
Իրականում, 10 տարի պահանջվեց, որ ճամփորդելով աշխարհով մեկ՝
հետազոտեմ, թե որտեղից են գալիս մեր իրերը և ուր են գնում:
Եվ գիտե՞ք թե ինչ պարզեցի: Սա ամբողջական պատմությունը չէ:
Այս բացատրության մեջ շատ բան պակասում է:
Առաջին հայացքից թվում է, թե այս համակարգում ամեն ինչ կարգին է: Ոչ մի խնդիր:
Բայց ճշմարտությունն այն է, որ համակարգը ճգնաժամի մեջ է:
Եվ ճգնաժամի պատճառն այն է, որ այս համակարգը գծային է,
մինչդեռ մենք ապրում ենք սահմանափակումներ ունեցող մոլորակի վրա:
Իսկ սահմանափակումներ ունեցող մոլորակի վրա հնարավոր չէ անվերջ գործել գծային համակարգով:
Այս համակարգը գտնվում է իրական աշխարհի հետ անդադար փոխազդեցության մեջ։
Իրական կյանքում այն չի գործում դատարկ էջի վրա,
այլ փոխազդում է հասարակությունների, մշակույթների, տնտեսությունների և բնական միջավայրի հետ:
Եվ այս ամբողջ ճանապարհին այն դեմ է առնում սահմանների:
Սահմանների, որոնք մենք չենք տեսնում այստեղ, որովհետև այս սխեման ավարտուն չէ:
Եկեք հետ գնանք և տեսնենք, թե ինչն է պակասում:
Թերևս բացակայող կարևորագույն տարրերից մեկը մարդիկ են: Այո, մարդիկ:
Մարդիկ ապրում և աշխատում են այս համակարգի բոլոր հատվածներում:
Եվ այս համակարգում որոշ մարդիկ ավելի մեծ կշիռ ունեն, քան ուրիշները:
Ովքե՞ր են նրանք:
Սկսենք կառավարությունից:
Ընկերներս ասում են, որ կառավարության խորհրդանիշ պետք է ընտրած լինեի տանկը.
շատ երկրների պարագայում սա իրոք այդպես է, ԱՄՆ-ի դեպքում նույնպես սա ավելի ու ավելի տեղին է դառնում,
քանի որ մեր պետական հարկերի 50%-ից ավելին հատկացվում է ռազմական ծախսերի համար:
Բայց ես որպես կառավարության խորհրդանիշ օգտագործում եմ մարդուն,
քանի որ կրում եմ այն արժեքներն ու հավատը,
որ կառավարությունները պետք է ձևավորվեն մարդկանցից, մարդկանց կողմից և մարդկանց համար:
Կառավարության աշխատանքն է՝ հոգալ մեր մասին: Դա նրանց աշխատանքն է:
Հաջորդը կորպորացիաներն են:
Դրանք կառավարությունից ավելի մեծ են պատկերված,
որովհետև իրոք ավելի մեծ են քան կառավարությունները:
Ներկայումս աշխարհի 100 խոշորագույն տնտեսություններից 51-ը կորպորացիաներ են:
Դրանց չափերի և ուժի ավելանալու հետ մեկտեղ փոխվում է կառավարության վարքագիծը.
վերջիններս ձգտում են,
որ գոհ լինեն նրանք, ոչ թե մենք:
Լավ, եկեք տեսնենք, թե ուրիշ ինչ է պակասում այս պատկերում:
Սկսենք արդյունահանումից.
այս մոդայիկ բառի իմաստը բնական ռեսուրսների շահագործումն է,
իսկ ա՛յս մոդայիկ խոսքն էլ նշանակում է՝ մոլորակը վերածել աղբանոցի:
Սա տեղի է ունենում այսպես՝ մենք հատում ենք ծառերը, պայթեցնում ենք լեռները նրանց ընդերքի մետաղը հանելու համար,
օգտագործում ենք ամբողջ ջուրն ու վերացնում ենք կենդանիներին:
Ահա այստեղ մենք մոտենում ենք մեր սահմանափակումներից առաջինին:
Ռեսուրսները վերջանում են: Մենք չափազանց շատ ապրանք ենք օգտագործում:
Գիտեմ, դժվար է նման բան լսելը, բայց սա ճշմարտությունն է և պետք է այն ընդունել:
Միայն անցյալ երեք տասնամյակներում
մոլորակի բնական ռեսուրսների մեր երրորդը սպառվել է: Անվերադարձ:
Մենք հատում ենք, հանքահանում ենք, տեղափոխում ու թափում ենք այնքան մեծ արագությամբ,
որ խաթարում ենք մարդկանց կյանք տալու՝ մոլորակի կարողությունը:
Այնտեղ, ուր ես եմ ապրում՝ ԱՄՆ-ում, մենք թողել ենք սկզբնական անտառների 4%-ից էլ պակասը:
Ջրերի 40%-ն այլևս խմելու համար պիտանի չէ:
Մենք ոչ միայն չափից շատ ապրանք ենք օգտագործում,
այլև օգտագործում ենք ավելին, քան մեզ բաժին է հասնում: ԱՄՆ-ում ապրում է աշխարհի բնակչության 5%-ը,
սակայն մենք սպառում ենք աշխարհի ռեսուրսների 30%-ը և ստեղծում ենք աշխարհի թափոնների 30%-ը:
Եթե բոլորը սպառեին ԱՄՆ-ի չափ, ապա մեզ պետք կլիներ 3-5 մոլորակ:
Եվ գիտե՞ք ինչ: Մենք միայն մեկն ունենք:
Այսպիսով, իմ երկրի պատասխանն այս սահմանափակումներին հետևյալն է՝ վերցնել ուրիշինը:
Ուրիշն այս դեպքում Երրորդ աշխարհն է, որը, ոմանց կարծիքով,
այլ կերպ ասած, մեր ապրանքն է, որն ինչ-որ կերպ հայտնվել է մեկ ուրիշի հողի վրա:
Ինչ է սա նշանակո՞ւմ: Նույն բանը՝ աղտոտել տարածքը:
Ձկան համաշխարհային պաշարների 75%-ն այսօր կամ որսված է կամ էլ որսվում է նորմերը գերազանցելով,
Մոլորակի սկզբնական անտառների 80%-ը հատված է,
Միայն Ամազոնում ամեն րոպե հատվում է 2000 ծառ,
այսինքն 7 ֆուտբոլի դաշտի չափ տարածք… 1 րոպեում:
Իսկ այնտեղ ապրող մարդի՞կ:
Ահա, ոմանց կարծիքով նրանք այս ռեսուրսների տերը չեն,
չնայած սերունդներ ի վեր ապրում են այս տարածքում: Սակայն նրանք չունեն արտադրության միջոցներ
և չեն օգտագործում շատ ապրանք: Իսկ այս համակարգում,
եթե դու շատ ապրանքի չես տիրում կամ ապրանք չես գնում, դու արժեք չունես:
Այնուհետև նյութերն անցնում են «արտադրության» փուլ. այստեղ տեղի է ունենում հետևյալը՝ մենք օգտագործում ենք էներգիա,
որպեսզի բնական ռեսուրսներին խառնենք թունավոր քիմիկատներ և ստեղծենք թունավորված ապրանքներ:
Այսօր առևտրում շրջանառվում են ավելի քան 100,000 սինթետիկ քիմիկատներ:
Սրանցից ընդամենը մի քանիսն են մարդու առողջության վրա ազդեցության քննություն անցել,
իսկ դրանցից որևէ մեկի սիներգետիկ առողջական ազդեցությունը չի քննվել,
այսինքն չի ստուգվել, թե ինչպես դրանք կազդեն մարդու առողջության վրա, երբ փոխազդեն մեր կողմից ամեն օր կիրառվող այլ քիմիկատների հետ:
Այսպիսով, մենք չգիտենք այս քիմիական նյութերի լիարժեք ազդեցությունը մեր առողջության և շրջակա միջավայրի վրա:
Սակայն մի բան հաստատ գիտենք՝ թույները մտնում են, թույները դուրս են գալիս:
Քանի դեռ շարունակում ենք թույներ օգտագործել արտադրության մեջ,
թույներ ենք ունենալու այն ապրանքներում, որոնք բերում ենք
տուն, աշխատավայր և դպրոցներ, և... մեր մարմնում:
Վերցնենք բրոմինացված կրակապաշտպանները.
այս քիմիական նյութերն իրերը դարձնում են ավելի հրակայուն, բայց գերթունավոր են:
Դրանք նեյրոթույներ են, այսինքն՝ թունավորում են ուղեղը: Ի՞նչի մասին ենք մտածում, երբ նման քիմիական նյութեր ենք օգտագործում:
Այնուամենայնիվ մենք դրանք օգտագործում ենք մեր համակարգիչները, սարքերը, բազմոցները, ներքնակները, նույնիսկ բարձերը պատրաստելու համար:
Փաստորեն, մենք վերցնում ենք մեր բարձը, ընկղմում ենք նեյրոթույների մեջ,
հետո բերում ենք տուն և ամեն գիշեր 8 ժամ դրա վրա ենք դնում մեր գլուխն ու քնում:
Հաստատ չգիտեմ, բայց կարծում եմ՝ այսքան մեծ ներուժ ունեցող երկրում
կարելի էր ավելի լավ լուծում գտնել գիշերային գլխացավերից ազատվելու համար:
Հետո այս թույները մտնում են սննդի շղթայի մեջ և կենտրոնանում են մեր մարմիններում:
Գիտե՞ք` ո՛ր ուտելիքն է գտնվում սննդի շղթայի ամենաբարձր մակարդակում
ամենաշատ թունավոր քիմիկատների պարունակությամբ: Մայրական կաթը:
Սա նշանակում է, որ մենք հասել ենք մի կետի, որտեղ մեր հասարակության ամենափոքր անդամները՝ մեր երեխաները,
կրծքով կերակրվելիս իրենց մայրերից ստանում են թունավոր քիմիկատների՝ իրենց կյանքի ամենազգալի բաժինը:
Մի՞թե սա անհավանական բռնություն չէ:
Կրծքի կաթը երեխայի սնուցման ամենահիմնարար միջոցն է.
այն պետք է անվտանգ լինի: Հիմա կրծքով կերակրելը դեռևս լավագույն տարբերակն է,
և մայրերը միանշանակ պետք է շարունակեն կրծքով կերակրել, սակայն մենք պետք է պաշտպանենք դա: Նրանք (կառավարությունը) պետք է պաշտպանեն:
Կարծում էի՝ նրանք հոգ են տանում մեր մասին:
Եվ իհարկե, այս թունաքիմիկատների ամենազգալի հարվածը
կրում են գործարանի աշխատողները, որոնցից շատերն էլ վերարտադրողական տարիքի կանայք են:
Նրանք աշխատում են վերարտադրողականության համար վտանգավոր թույների, քաղցկեղածին նյութերի և այլնի հետ:
Հարց է ծագում՝ վերարտադրողական տարիքի ո՞ր կինը
կաշխատի վերարտադրողականության համար վտանգավոր թույների միջավայրում
բացի կնոջից, ով չունի այլ ընտրություն: Եվ սա այս համակարգի «հմայքներից» մեկն է:
Շրջակա միջավայրի և տնտեսության քայքայումը
մարդկանց ընտրության հնարավորություն չի թողնում:
Ողջ աշխարհում օրական 200,000 մարդ
սերնդե սերունդ իր մշտական բնակավայրը եղած տարածքներից տեղափոխվում է քաղաք.
շատերը հաստատվում են աղքատ ծայրամասերում, փնտրում են աշխատանք, կարևոր չէ՝ որքան թունավոր է այն:
Այսպիսով, այս համակարգը դեն է նետում ոչ միայն ռեսուրսները,
այլ նաև մարդկանց: Դեն են նետվում ամբողջ համայնքներ:
Այո, թույները մտնում են, թույները դուրս են գալիս:
Շատ թույներ գործարանից հեռանում են պատրաստի արտադրանքի տեսքով,
իսկ է՛լ ավելի շատ թույներ՝ կողմնակի արտադրանքի կամ աղտոտման տեսքով: Եվ սա լայնածավալ աղտոտում է:
ԱՄՆ-ում արդյունաբերողներն ընդունում են, որ տարեկան 4 միլիարդ տոննա թունաքիմիկատներ են արտանետվում.
հավանաբար իրական ծավալները շատ ավելի մեծ են, քան նրանք ասում են:
Ահա, սա էլ մյուս սահմանափակումն է.
ո՞վ կցանկանա տարեկան 4 միլիարդ տոննա թունաքիմիկատներ տեսնել ու շնչել: Եվ ուրեմն, ի՞նչ են նրանք անում:
Կեղտոտ գործարանները տեղափոխում են այլ երկրներ. կեղտոտում են մեկ ուրիշի հողը:
Բայց, անակնկա՜լ. այդ աղտոտված օդի մեծ մասը քամու հոսքերի միջոցով հետ է գալիս ուղիղ մեզ վրա:
Այսպիսով, ի՞նչ է կատարվում այն բանից հետո, երբ այս բոլոր ռեսուրսները վերածվում են ապրանքների:
Դրանք տեղափոխվում են այստեղ բաշխման համար:
Բաշխում նշանակում է՝ «այս ամբողջ թունավոր աղբի հնարավորինս արագ վաճառք»:
Նպատակը հետևյալն է՝ ցածր գների պահպանում, գնորդների պահպանում, ապրանքների շարժի պահպանում:
Ինչպե՞ս են պահպանվում ցածր գները: Ցածր են վճարում խանութի աշխատողներին,
հնարավորության դեպքում խնայում են առողջական ապահովագրության ծախսերը… Տեղի է ունենում ծախսերի փոխանցում երրորդ կողմերին:
Այսինքն, ապրանքների արտադրման իրական ծախսերն արտացոլված չեն դրանց գներում:
Այլ կերպ ասած՝ իրականում մենք չենք վճարում այն իրերի համար, որոնք գնում ենք:
Մի քանի օր առաջ սրա մասին էի մտածում.
Քայլելով աշխատանքի էի գնում և ցանկացա լսել լուրերը.
մտա խանութ ռադիո գնելու համար:
Գտա այս փոքրիկ սիրունիկ կանաչ ռադիոն 4 դոլար և 99 ցենտով:
Վճարելու համար հերթում կանգնած մտածում էի,
թե ինչպես կարող է $4.99-ն ընդգրկել այն բոլոր ծախսերը,
որոնք կատարվել են այս ռադիոն պատրաստելու և ինձ հասցնելու համար: Հավանաբար մետաղը հանքահանել են Հարավային Աֆրիկայում,
նավթը հորատել են Իրաքում, պլաստմասն արտադրվել է Չինաստանում
ու այս ամենն էլ երևի թե հավաքել է մի 15-ամյա աշխատող Մեքսիկայի որևէ հավաքման գործարանում:
$4.99 չի ծածկում նույնիսկ այն դարակի վարձավճարը, որտեղ տեղադրված էր ռադիոն միչև իմ գալը.
մի կողմ թողնենք վաճառողների աշխատավարձերընավարկություններն
կամ այս ռադիոյի մասերը տեղափոխող բազմաթիվ օվկիանոսային ու բեռնատարներով երթևեկությունները:
Ահա այսպես գիտակցեցի, որ իրականում ես չվճարեցի այդ ռադիոյի համար: Այդ դեպքում ո՞վ վճարեց:
Վճարեցին ա՛յս մարդիկ՝ իրենց բնական ռեսուրսները կորցնելով:
Վճարեցին ա՛յս մարդիկ իրենց մաքուր օդի կորստով, ասթմայի ու քաղցկեղի աճող տեմպերով:
Վճարեցին Կոնգոյի երեխաները՝ իրենց ապագայով. Կոնգոյի երեխաների 30%-ը
ստիպված է լքել դպրոցը և կոլտան հանքահանել՝
մետաղ, որը մեզ անհրաժեշտ է էժան, մեկանգամյա օգտագործման էլեկտրատեխնիկայի համար:
Ա՛յս մարդիկ վճարեցին՝ իրենց ամբողջ վաստակածը բուժման համար ծախսելով:
Այս համակարգի բոլոր տեղերում մարդիկ տքնել են, որպեսզի ես կարողանամ գնել այս ռադիոն $4.99-ով:
Եվ այս աշխատողներից ոչ մեկը գրանցված չէ հաշվապահական գրքում:
Ահա թե ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ ընկերությունների սեփականատերերը ոչ թե իրենք են կրում արտադրության իրական ծախսերը, այլ փոխանցում են դրանք երրորդ կողմերի:
Եվ ահա հասնում ենք սպառման ոսկե սլաքին։
Սա համակարգի սիրտն է` շարժիչը, որն աշխատեցնում է ամբողջ համակարգը:
Այն այնքան կարևոր է [այս ամբողջ արատավոր համակարգն աշխատեցնելու համար], որ այս երկուսի առաջնային նպատակն է պաշտպանել այս սլաքը։
ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ երկիրը ցնցված էր,
և նախագահ Բուշը կարող էր իրավիճակին համապատասխան տարբեր կոչեր անել՝
սգալ, աղոթել, հուսալ: Բայց ՈՉ, նա կոչ արեց գնումներ կատարել: ԳՆՈՒՄՆԵ՞Ր։
Մենք վերածվել ենք սպառողների հասարակության: Մեր առաջնային ինքնությունը սպառողն է.
ո՛չ թե մայր, ուսուցիչ կամ հողագործ լինելը, այլ սպառողը։
Մենք առաջին հերթին արժևորվում ենք
այս սլաքում մեր ներդրման չափով, որքան շատ ենք սպառում, այնքան արժեքավոր ենք: Եվ ուստի մենք սպառում ենք։
Գնումներ ենք անում, գնում ենք ու գնում։ Իրերը հոսում են ու հոսում:
Կռահեք, թե Հյուսիսային Ամերիկայում այս համակարգում ստեղծված ընդհանուր նյութական հոսքի քանի՞ տոկոսն է շարունակում օգտագործվել վաճառքից 6 ամիս անց։
Հիսո՞ւն։ Քսա՞ն։ Ոչ: Ընդամնեը 1%-ը: Այլ կերպ ասած` մեր հավաքած բերքի, հանքաարդյունաբերության արդյունքում ստացված նյութերի,
մշակած ու փոխադրած իրերի 99%-ը՝ այս համակարգի միջով անցած իրերի 99 տոկոսը
դեն է նետվում 6 ամսվա ընթացքում: Այժմ հարց եմ տալիս. «Ի՞նչպես կարող ենք կառավարել մեր մոլորակը՝
նյութական արտադրողականության նմանատիպ տեմպերով»։ Առաջ այսպես չէր։
Այժմ մարդը միջինում սպառում է երկու անգամ ավելի շատ, քան 50 տարի առաջ:
Հարցրեք ձեր տատիկին: Այն ժամանակ կարևորվում էին տնտեսվարությունը, հնարամտությունն ու խնայողությունը։
Լավ, իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց: Դե, սա հենց այնպես չստացվեց. այսպես ծրագրվեց:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս մարդիկ փորձում էին պարզել, թե ինչպես զարգացնել տնտեսությունը:
Մանրածախ առևտրի վերլուծաբան Վիկտոր Լեբովն առաջարկեց լուծում,
որը հետագայում համընդհանուր կանոն դարձավ ողջ համակարգի համար:
Նա հայտարարեց. «Մեր չափազանց արդյունավետ տնտեսությունը պահանջում է սպառումը դարձնել ապրելակերպ…
իրերի գնումն ու օգտագործումը պետք է վերածել ծեսի այնպես, որ սպառման մեջ փնտրենք մեր հոգևոր բավարարվածությունը,
մեր ես-ի բավարարումը:
Ապրանքները պետք է սպառվեն, ոչնչացվեն, փոխարինվեն ու դեն նետվեն անընդհատ արագացող տեմպերով»:
Իսկ նախագահ Էյզենհաուերի Տնտեսական խորհրդի նախագահը հայտարարեց, որ
«Ամերիկյան տնտեսության հիմնական նպատակն է արտադրել ավելի շատ սպառողական ապրանքներ»։
Ավելի շատ սպառողական ապրանքնե՞ր։
Դա մեր հիմնական նպատա՞կն է: Ո՛չ թե առողջապահության, կրթության, անվտանգ երթևեկության,
կայունության կամ արդարության մասին հոգ տանելը, այլ սպառողական ապրանքներ արտադրե՞լը։
Ի՞նչպես կարողացան այսպիսի խանդավառությամբ մեզ էլ այս նախագծի մասնակից դարձնել:
Նրանց երկու ամենաարդյունավետ ստրատեգիաներն են «ծրագրված մաշվածությունը» և «մտացածին մաշվածությունը»։
Ծրագրված մաշվածությունն այլ կերպ կարելի է անվանել՝ «նախատեսված է աղբանոցի համար»:
Այսինքն, ըստ էության, իրերը պատրաստվում են այնպես, որ հնարավորինս արագ անպիտան դառնան,
որպեսզի մենք դրանք դեն նետենք ու գնանք նորը գնելու։
Սա ակնհայտ է ոչ միայն պոլիէթիլենային տոպրակների ու սուրճի բաժակների դեպքում, այլ հիմա նույնիսկ մեծ իրերի դեպքում`